«Օրինաց երկիրը» բարձր է գնահատում Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը։
«Այդ ելույթը մի տեսակ սթափեցնող ահազանգ էր՝ ուղղված ոչ օրինապաշտ որոշ չինովնիկների եւ պաշտոնատար անձանց, նրանց՝ ովքեր վատ են աշխատում, ովքեր չեն գիտակցում, թե ինչ բան է քաղաքականությունը։ Կարծում եմ՝ այդ մարդիկ հետեւություններ կանեն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։
Բիշարյանն առանձնացրեց նախագահի ելույթի այն կետերը, որոնք վերաբերում էին հասարակական-քաղաքական կյանքում կնոջ դերին։ «Շատ կարեւոր է, որ իր ելույթում նախագահն ընդգծեց երկրի հասարակական-քաղաքական կյանքում կանանց ակտիվ ներգրավվածություն մասին»,- նկատեց Բիշարյանը։
Նա նաեւ ընդգծեց նախագահի ելույթի այն կետերի կարեւորությունը, որոնք վերաբերում էին կոռուպցիայի դեմ պայքարին։
«Կարեւոր էին նաեւ ուժեղ ընդդիմության մասին նախագահի խոսքերը, քանի որ ուժեղ ընդդիմությունն է իշխանությունների արդյունավետ աշխատանքի երաշխիքը»,- նկատեց Բիշարյանը՝ ընդգծելով, որ առաջնային նշանակություն ունի այն փաստը, որ բացասական երեւույթները քննադատելուց բացի, նախագահը դրանց վերացման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում։ Դրա վկայությունը, ըստ Բիշարյանի, կադրային վերջին փոփոխություններն են։ «Գլխավորն այն է, որ նախագահն սկսել է իր քաղաքական թիմից։ Եթե բոլորը հետեւեն նախագահի օրինակին, դրական փոփոխությունները Հայաստանում իրենց երկար սպասեցնել չեն տա»,- ամփոփեց Բիշարյանը։
Նշենք, որ Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քննադատել էր երկրում արմատացած կոռուպցիան ու կաշառակերությունը:





























