Մասնագիտացված ավագ դպրուցներն անչափ կարեւոր առաքելություն ունեն. դրանք են ապահովելու կադրեր, ովքեր վաղը ուսանողներն են դառնալու: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

«Օրինակ մեր բուհը Երեւանի 3-րդ ավագ դպրոցը վերածելու է մասնագիտացված ուսումնական հաստատության, որտեղ խիստ խորացված կուսուցանվեն նաեւ նկարչություն եւ գծագրություն», նշեց նա՝ հավելելով, որ նպատակահարմար կլիներ, եթե բոլոր բուհերը, բացի կից վարժարաններից, ունենային նաեւ ավագ հատուկ մասնագիտացված դպրոցներ:

Իսկ ահա ԵՊՀ-ի ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը կարծում է, որ ԵՊՀ-ի պարագայում այնքան էլ նպատակահարմար չէ մասնագիտացված ավագ դպրոցներ ունենալը: Նրա խոսքով՝ իրենց դեպքում այդպիսի ձեռնարկումը նաեւ բյուջեի սղության հետ է կապված, քանի որ գերադասելի է բուհի բյուջեն ծառայեցնել սեփական ուսանողներին:

«Մասնագիտացված ավագ դպրոցների հարցին մենք շատ զգուշորեն ենք մոտենում, քանի որ անչափ պատասխանատու ձեռնարկում է եւ չի բացառվում, որ դպրոցների մոտ ավելորդ մրցակցություն կստեղծի»,-թեմայի շուրջ դիրքորոշում հայտնեց Ռ. Մարկոսյանը:

«Բացարձակ հակառակ կարծիքի եմ»,-ընդգծեց ռեկտոր Հ. Թոքմաջյանը՝ հավելելով որ մրցակցությունը առաջընթացի գրավականն է, իսկ պատասխանատվությունից վախենալ պետք չէ: «Ես՝ ինքս, իմ անձնական պատասխանատվության ներքո եմ վերցնում մասնագիտացված ավագ դպրոցներին. այստեղ ձախողվելու ոչ մի խնդիր չկա»,-ավելացրեց նա: