Որքան իշխանությունները հեռուն գնան իրենց ռեֆորմիստական գործողություններում, այնքան բոլորիս համար լավ կլինի, պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե, արդյոք, կադրային փոփոխությունները կարո՞ղ են բերել կառավարման համակարգի առողջացման, հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ որեւէ իշխանություն, եթե իր էությունը բռնատիրական է, չի կարող անցում կատարել դեմոկրատական համակարգի: «Բոլոր այդպիսի իշխանությունները հենվում են գիշատիչ տարբեր օլիգարխիկ խմբավորումների,  քրեական աշխարհի վրա: Նրանք կարող են նեղացնել առանձին քրեապետի, բայց չեն կարող նեղացնել բոլորին: Այդ բոլորի դիմադրությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է մի իշխանություն, որը հիմնված է ժողովրդի աջակցության վրա»,-նշեց Զուրաբյանը: Ըստ նրա՝ գործող արատավոր համակարգն այն աստիճան է արմատավորված, որ ռեֆորմացիաներն ահավոր ծանր են լինելու եւ մեծ դիմադրություն են առաջացնելու:

Մյուս հարցին, թե, արդոք,  Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է կառավարման նոր որակ բերել, ՀԱԿ համակարգողը բացասական պատասխան տվեց: Ըստ նրա՝ որեւէ կառավարություն կարող է ինքնուրույն գործել, եթե իր թիկունքում ունի ընտրված պառլամենտ:

«Կարեն Կարապետյանի մասին կարող եմ ասել հետեւյալը՝ ակնհայտ է, որ գործում են կոռուպցիոն սխեմաներ նույն «Հայռուսգազարդում», որի ղեկավարն էր Կարապետյանը: Այդ ընկերությունը չհիմնավորված բարձրացրել է գազի գինը, որի վերաբերյալ ՀԱԿ-ը հայց է ներկայացրել: Այս ամենի թոփ-մենեջերը եղել է Կարեն Կարապետյանը, ի՞նչ հույսեր փայփայենք, որ այդ մարդը կարող է ինչ-որ արդյունավետ եւ ժողովրդի սպասելիքները արդարացնող համակարգ ստեղծել Երեւանի քաղաքապետարանում, բացարձակապես ոչ մի»:

Նա նաեւ հավելեց, որ ռեժիմը սկսել է ամենաառանցքային պաշտոններում նշանակել ծնունդով ղարաբաղցիներին, քանի որ ոչ մեկին չեն վստահում եւ հայրենակցական կապերի միջոցով փորձում են ապահովել սեփական իշխանության ամրությունը: NEWS.am-ի դիտարկմանը, թե ԱԺ նախագահն այդ առումով բացառությո՞ւն է, քանի որ ղարաբաղցի չէ, ՀԱԿ համակարգողն արձագանքեց. «Շուտով չի լինի»: