Այսօրվա դրությամբ Հայաստանում կուսակցապետություն է տիրում, որն առավել կոշտ է, քան Խորհրդային միության ժամանակներում, երբ ամեն ինչ կառավարում էր կոմունիստական կուսակցությունը: Այդ մասին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

Նրա խոսքով, Հայաստանում տիրող պարտոկրատիայի նոտաները լսելի էին Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում ունեցած ելույթի ողջ ընթացքում: «Այսօր կուսակցապետության դիկտատուրան ստիպում է քաղաքական թիմի անդամներին ընդունել սխալ որոշումներ: Մարդիկ սխալ որոշումներ են ընդունում՝ հաճախ հասկանալով, որ իրենք սխալ են, բայց եւ չեն համարձակվում հակադրվել»,- ասել է Շահբազյանը: Նրա խոսքով, այսօրվա կուսակցապետությունը բարի է եւ որոշ ազատություններ թույլ է տալիս, բայց վաղը կարող է արգելել ամեն ինչ: «Հույս ունենանք, որ վերեւից ինչ-որ բան կփոխի երկրում տիրող կարգերը»,- ասել է Շահբազյանը: