«Հանրակրթության» եւ «Լեզվի» մասին օրենքներում փոփոխության կողմնակիցների հասցեին հնչող մեղադրանքները արդարացված չեն, ԱԺ-ում այդ օրինագծերի քննարկման ժամանակ ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նշելով, որ եթե ՀՅԴ-ն կարողացել է 120 տարի շարունակ դավանել է միեւնույն պլատֆորմը, 8 ամիս շարունակ կարող է պնդել միեւնույն դիքորոշումը:
Աշոտյանը ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին անվանել է «Հայաստանի ընդդիմության ծագող աստղ»` ընդգծելով, որ ի գիտություն է ընդունում Մինասյանի այն դիտարկումը, թե միասին պետք է դեռ երկար ճանապարհ անցնեն:
Այնուհետեւ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթին, որի ժամանակ նա ասել էր, թե խոհրդարանական նիստերին պետք է ներկա գտնվեն հոգեբույժներ, բժշկական կրթություն ունեցող Արմեն Աշոտյանն ասաց. «Կարծում եմ, որ հոգեբույժների կարիք դեռեւս չկա, կարելի է «յոլա գնալ» նաեւ հոգեբանով»:
Մինչ այդ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն իր ելույթում զարմանք էր արտահայտել ՀՀ կառավարության համառության կապակցությամբ, որ ամեն կերպ փորձում է անցկացնել այս օրենսդրական նախաձեռնությունը, որով հնարավորություն է ստեղծվում երկրում օտարալեզու դպրոցներ բացել:
«Այս փաթեթով մենք ճանապարհ ենք բացում նաեւ լեզվի ոլորտում աղանդավորության մուտքին, իսկ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է»,-հայտարարել է Ա. Մինասյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ նշել է.
«Կառավարությունը, որը հռչակել է Հայկական աշխարհ կառուցելու իր մոլուցքի մասին, երեւի այն պատկերացնում է օտարալեզու դպրոցներ բացելով, օրենքները խախտելով, եւ այստեղ ես չէ, որ պետք է գնահատական տամ, թե ինչպես համադրել կառավարության այս գործելակերպը 2 օր առաջ Հանրապետական կուսակցության 20-ամյակի կապակցությամբ հանրապետության եւ ՀՀԿ նախագահի ելույթները»:
Նշենք, որ «Լեզվի եւ «Հանրակրթության» մասին օրենքներով` օտարալեզու դպրոցները չպետք է ֆինանսավորեն Հայաստանի պետբյուջեից:
Փաստաթղթերով նախատեսվում է բացել երկու մասնավոր օտարալեզու դպրոցներ, որտեղ բազային կրթությունը օտար լեզվով կսկվի 7-րդ դասարանից եւ կբացվեն եւս 9 դպրոցներ` միջպետական պայմանագերի հիման վրա, որտեղ օտարալեզու բազային կրթությունը պետք է սկսի 9-րդ դասարանից:




























