Մոսկվայի Պոկլոննայա լեռան մոտ բացվել է հուշահամալիր՝ «Ֆաշիզմի դեմ պայքարում մենք միասին ենք եղել» վերտառությամբ: Միջոցառմանը մասնակցել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Արարողությանը մասնակցել է նաեւ Վրաստանի ընդդիմության առաջնորդ «Միասնական Վրաստան» շարժման ղեկավար Նինո Բուրջանաձեն:
Պոկլոննայայի հուշարձանը Քութայիսիի հուշարձանի կրկնօրինակն է, որը պայթեցվել էր մեկ տարի առաջ: «Համոզված եմ, որ ոչ ոք ի զորու չէ «կռվացնել» ռուս եւ վրացի ժողովուրդներին, կտրել ավանդաբար մեզ սերտ պահող պարանը: Ապագան Վրաստանի եւ Ռուսաստանի համար լինելու է բարիդրացիական հարաբերություններով լի»,-հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Քութայիսիի Փառքի հուշահամալիրը պայթեցվել էր 2009-ի դեկտեմբերի 19-ին՝ վերակառուցման անհրաժեշտության պատրվակով: Պայթեցումը նախատեսված ժամանակից 2 օր շուտ էր իրականացվել, եւ անվտանգության կանոնները խախտելու պատճառով գործողության ժամանակ զոհվել էր 2 քաղաքացի՝ մի կին ու իր 8-ամյա դուստրը: Հիշեցնում է Vesti.ru-ն:




























