Հայ ազգային կոնգրեսը բոլոր տառապյալներին, իշխանության կողմից հալածվածներին պատրաստ է համախմբել՝ հանուն արդար Հայաստանի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումներն այն մասին, ըստ որի Կոնգրեսը աշխատանք է տանում վերջին շրջանում պաշտոնանկ արված իշխանական պաշտոնյաներին հավաքագրելու ուղղությամբ:
NEWS.am-ի հարցին, թե, արդյոք, այդ պաշտոնյաների թվում են նաեւ Գագիկ Բեգլարյա՞նը, Վազգեն Խաչիկյանն ու Գեւորգ Դանիելյա՞նը, Զուրաբյանը կեսկատակ արձագանքեց. «Չէ, այդ հարցում մի փոքր ինքնամաքրման պրոցես պետք է անցկացնել; Այդ մարդիկ պետք է քավարանով անցնեն, որ կարողանան ժողովրդի առաջ բաց ճակատով դուրս գալ»:
Լեւոն Զուրաբյանը միաժամանակ նշեց, որ իրականում ՀԱԿ-ում նման՝ «աբիժնիկների հավաքագրման » պրոցես տեղի չի ունենում, գոնե՝ առայժմ:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչներից մի քանիսին հանձնարարել է ինտենսիվ աշխատանք տանել վերջին շրջանում պաշտոնանկ արված իշխանական պաշտոնյաներին դեպի ընդդիմություն «բերելու» ուղղությամբ: Գործընթացը սկսվել է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի հենց հաջորդ օրը: Ավելին, ՀԱԿ-ի մի քանի անդամներ «կցվել» են կոնկրետ պաշտոնյաների (արդեն նախկին)՝ բանակցություններ վարելու եւ իշխանություններից նրանց «նեղացածությունն» օգտագործելով՝ ՀԱԿ-ին մերձեցնելու նպատակով:





























