Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կովկասից ժամանած մարդկանց կոչ է արել հարգանքով վերաբերել Ռուսաստանի օրենքներին ու ավանդույթներին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում դարերով առկա ազգայնականության ու քսենոֆոբիայի դեմ իմունիտետը սկսել է թուլանալ: Այս մասին նա հայտնել է ֆուտբոլային երկրպագուների կազմակերպություների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաեւ Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Վարչապետը հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ այսօր ողջ աշխարհը բաց է եւ տարբեր ֆուտբոլային թիմերում խաղում են տարբեր երկրների ներկայացուցիչներ: «Յուրաքանչյուրն ունի հայրենիք, եւ հպարտանում է նրանով…Սակայն ես 10 կոպեկ էլ չեմ վճարի այն մարդու առողջության համար, ով Ռուսաստանից կգնա Հյուսիսային Կովկաս ու անհարգալից կվերաբերի Ղուրանին»,-ընդգծել է նա՝ հավելելով որ Հյուսիսային կովկասցիներն էլ այցելելով ՌԴ այլ շրջաններ պարտավոր են հարգել տեղի սովորույթներն ու օրենքները: