Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացրել են։ Minval.az կայքը, վկայակոչելով սոցցանցերում գրառումները, հայտնում է, որ վերջերս մայոր Սաֆարովին շնորհվել է գնդապետ-լեյտենանտի կոչում:
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Բուդապեշտում անգլերենի դասընթացներ էին անցկացվում: Դրանց մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաներ, այդ թվում՝ ապագա զոհ Գուրգեն Մարգարյանն ու նրան կացնահարած Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թափանցում է հայ սպաների սենյակ եւ կացնահարում քնած Գուրգեն Մարգարյանին:
2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի ժամկետով համաներման իրավունքի: Դատարանում Սաֆարովը փոխել էր ցուցմունքները, հրաժարվել նախնական հայտարարությունից՝ պատճառաբանելով, որ վատ գիտի ռուսերեն եւ անգլերեն:
2012 թվականի օգոստոսի 31-ին, Վիկտոր Օրբանի որոշմամբ, Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ նախագահի կողմից ներում շնորհվեց, բարձրացվեց նրա ծառայողական աստիճանը եւ նվերներ ստացավ՝ բնակարան եւ 8 տարվա աշխատավարձը: Հունգարիայի այդ քայլին ի պատասխան՝ Հայաստանը դադարեցրեց այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Հայկական կողմը Ռամիլ Սաֆարովի հարցով դիմել է մարդու իրավունքների եվրոպական դատարան։




























