Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբային եւ Լեհաստանի դեսպան Միխայիլ Լաբեդային կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրանց բողոքի նոտա է ներկայացվել: Պատճառն այն է, որ դեկտեմբերի 19-ին Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող, լեհ պատգամավոր Տոմաշ Պորեբան այցելել է Լեռնային Ղարաբաղ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ այցելությունից հետո Պորեբան հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

Եվրապատգամավորը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր. «Լինելով Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցողը, ես պարզապես պարտավոր էի այցելել Լեռնային Ղարաբաղ՝ օբյեկտիվ զեկույց պատրաստելու համար»:

Չնայած, որ ԼՂՀ կատարած երկօրյա այցի ընթացքում նա հանդիպել է հանրապետության ղեկավարության հետ, այդուհանդերձ, ինչպես խոստովանել է եվրապատգամավորը, իր հիմնական խնդիրն է եղել շփվել ղարաբաղցի ժողովրդի հետ:

Պորեբան նշել էր, թե այցից ստացած իր տպավորությունները մտադիր է կիսել եվրոպացի գործընկերների հետ: Նա նշել է նաեւ, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա:

Պատգամավորը նաեւ հաղորդել է, որ Հայաստան եւ ԼՂՀ կատարած այցերից հետո մտադիր է այցելել նաեւ Ադրբեջան եւ Վրաստան: «Չնայած նրան, որ ես Հայաստանի հարցով զեկուցողն եմ, այդ երեք երկրները կապված են իրար հետ»,- նկատել էր պատգամավորը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնալու Ադրբեջան, երբ ԼՂՀ այցից հետո հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում», պատգամավորը պատասխանել էր. «Իմ պարտականությունն է հանդիպել բոլոր կողմերի հետ, լսել իրենց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Օբյեկտիվ զեկույց մշակելու համար ես ոչ մի բանի առջեւ կանգ չեմ առնի»: