Բելառուսում նախագահական ընտրությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ կտրվեն վերջնական արդյունքները հրապարակելուց հետո: Այս մասին դեկտեմբերի 21-ին կայացած բրիֆինգում հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն:

«Մենք ուշադիր հետեւում ենք բոլոր գնահատականներին ու հայտարարություններին, որոնք արվում են դիտորդական առաքելությունների, կազմակերպությունների ու երկրների կողմից: Մեզ նաեւ հետաքրքիր է վրացական դիտորդական առաքելության տեսակետը: մեր դիտորդները դեռ Մինսկում են եւ շարունակում են աշխատել»,- ասել է Մանջգալաձեն:

Նախագահական ընտրությունները Բելառուսում կայացել են դեկտեմբերի 19-ին: ԿԸՀ-ի նախնական տվյալներով, գործող նախագահ Լուկաշենկոյի օգտին քվեարկել են ընտրողների 79,67 տոկոսը: Ի պատասխան ընդդիմությունը ընտրությունների օրը Մինսկում բողոքի ակցիա է կազմակերպել ու փորձել գրոհով վերցնել Կառավարությունը, որտեղ տեղակայված է ԿԸՀ-ն:

Ընդդիմության ակցիան ցրվել է իրավապահների կողմից, ձերբակալվել է մի քանի հարյուր մարդ, այդ թվում ընդդիմադիր 3 թեկնածուներ:

ԱՄՆ-ը կոչ է արել Բելառուսի իշխանություններին ազատ արձակել նախագահի թեկնածուներին: Սպիտակ Տունը նաեւ հայտարարել է, որ չի ճանաչում քվեարկության արդյունքների լեգիտիմությունը: