Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆուտբոլային ֆանատների հետ հանդիպումից հետո այցելել է «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի շիրիմին, ով սպանվել է Կաբարդինո-Բալկարիայից եկածների հետ ծեծկռտուքի ժամանակ:
Այդ հանդիպման ժամանակ Պուտինը կոչ է արել չտրվել ծայրահեղականների սադրանքներին, հաղորդում է RBC-ն:
Հատկանշական է, որ երբեւէ Պուտինը չի այցելել ռուս ազգայնականների կողմից սպանված որեւէ կովկասցու շիրիմին, թեեւ նման սպանությունների պակաս Ռուսաստանում չկա: Անգամ սպանվողների մեջ անչափահաս երեխաներ են եղել:
Հիշեցնենք, որ Մոսկվայում Հյուսիսկովկասցիների հետ ծեծկռտուքի ժամանակ սպանված Եգոր Սվիրիդովի հիշատակին նվիրված ակցիան վերաճել էր զանգվածային անկարգությունների, որին մասնակցել են ինչպես ֆուտբոլային ֆանատներ, այնպես էլ ազգայնականներ: Նրանք զանգվածաբար ծեծի են ենթարկել փողոցում պատահած կովկասցիներին, ապա նաեւ բախվել ոստիկանական ուժերին:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցները եւս փորձել են ակցիա անցկացնել մետրոյի «Կիեւսկայա» կայարանի մոտ, սակայն ոստիկանությունը կանխարգելել է այն: Տեղի ունեցածի հետ կապված բզմաթիվ գործեր են հարուցվել, ոստիկանության դեմ բռնություն կիրառելու եւ անկարգությունների կոչեր անելու համար, սակայն զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հոդվածներով գործեր չեն հարոցվել: Դա նշանակում է, որ ջարդարարների նկատմամբ ընտրվել են ամենամեղ հոդվածները:



























