Այսօր՝ դեկտեմբերի 21-ին Հայաստանի ԱԳՆ-ում կայացել են «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովում» խորագրով խորհրդակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ների միջեւ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղեւոնդյանը եւ ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Նեստերենկոն:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների տեղեկատվական բնագավառում իրականացվող աշխատանքներին առչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:
Ռուս դիվանագետներն այցելել են նաեւ «Armenia TV» հեռուստաընկերություն, որտեղ ծանոթացել են նրա աշխատանքներին:
Ռուսաստանի ԱԳՆ պատվիրակությանն ընդունել է նաեւ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:





























