Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի եւ Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոս Մարկուս Շոխին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Նորին Սրբությունը ողջունել է եպիսկոպոս Շոխին` արդյունավետ գործունեություն մաղթելով նրան նոր հանգամանքում: Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել Հայաստանյայց Առաքելական եւ Ավետարանական եկեղեցիների միջեւ առկա կապերին եւ գործակցությանը Էկումենիկ կազմակերպությունների հարթակներում եւ տարբեր սոցիալական ու կրթական ծրագրերի շրջանակներում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ գոհունակություն է հայտնել Վիրահայոց թեմի եւ Ավետարանական-Լյութերական եկեղեցու միջեւ ձեւավորված համագործակցության առիթով:
Զրույցի ընթացքում եպիսկոպոս Մարկուս Շոխը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան, սակայն Երուսաղեմում իր ուսումնառության տարիներին առիթ է ունեցել ծանոթանալու Հայ Եկեղեցու սրբազան ժառանգությանը եւ հայ ժողովրդի պատմությանը: Ավետարանական-Լյութերական եկեղեցու առաջնորդը Հայոց Հովվապետին տեղեկություններ փոխանցեց տարածաշրջանում իր առաքելության վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:




























