NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում հակաօդային պաշտպանության հայ-ռուսական համատեղ հրամանատարական կետի բացումը` «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սպառազինությունների մրցավազքն ընթանում ամբողջ թափով: Նոր կետը հնարավորություն է տալիս մի քանի վայրկյանում տեղորոշել օդային սպառնալիքը:
«Օրերս Ադրբեջանի խորհրդարանում գրեթե միաձայն վավերացվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական օգնության եւ համագործակցության համաձայնագիրը, որը երկու երկրների նախագահները ստորագրել էին օգոստոսի 16-ին Բաքվում: Գրեթե միաժամանակ Հայաստանն ու Ռուսաստանը երկարաձգում են ռազմակայանի տեղակայման ժամկետը: Այդ ամենը վկայում է, որ ընթանում է սպառազինությունների լուրջ մրցավազք, որտեղ հակամարտող կողմերի դաշնակից են դարձել տարածաշրջանային տերությունները», - նշեց Սաֆարյանը: Նրա կարծիքով, իրավիճակը համեմատելի է սառը պատերազմի հետ, երբ միջուկային մրցավազքը հասել էր մի կետի, որ միջուկային զենքի կիրառումն ինքնին անիմաստ էր եւ սպառնալիք էր բոլորի համար:
Սաֆարյանի խոսքով, գործընթացի հանգուցալուծումը կանխատեսել դժվար է, սակայն քանի որ Թուրքիան ու Ռուսաստանը բավական լուրջ մասնակցություն ունեն հակամարտությանը, դա կարող է զսպող գործոն լինել նոր պատերազմ սկսելու հարցում:
«Սակայն պետք չէ ապավինել ստեղծված իրավիճակին եւ հուսալ, որ հավասարակշռությունը կապահովի այնպիսի խաղաղություն, ինչպիսին Սառը պատերազմի ժամանակ էր: Կողմերից մեկի ոչ խելամիտ ցանկացած գործողություն Հարավային Կովկասում կհանգեցնի լուրջ գլխացավանքի: Երկարատեւ հեռանկարում հնարավոր է խաղաղություն, եթե Ադրբեջանը դրվի որոշակի շրջանակի մեջ եւ ցույց տրվի այն պատասխանատվությունը, որը կկրի չմտածված գործողությունների համար», - կարծում է «Ժառանգության» պատգամավորը:





























