Ռուսաստանցիների կեսից ավելին մտադիր է մասնակցել 2018 թվականի ընտրություններին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Լեւադա կենտրոն»-ի կատարած հարցման արդյունքները։

Հարցման տվյալների համաձայն՝ հարցվածների 28 տոկոսը քվեարկելու է «ճշգրիտորոն», 30 տոկոսը՝ «մոտավոր»։ Գրեթե ամեն հինգերորդը չի պատրաստվում մասնակցել քվեարկությանը․ ռուսաստանցիների 10 տոկոսը վստահ է, որ չի մասնակցի ընտրություններին, 9 տոկոսը կասկածում է, 20 տոկոսն էլ չի որոշել։

Հարցման մասնակիցներին հարցրել են, թե ում օգտին են քվեարկելու 2018 թ․ ընտրություններին։  Հարցվածների մեծ մասը սատարել է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, ում օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 61 տոկոսը եւ ընտրությանը մասնակցել պատրաստվողների 75 տոկոսը։ Պուտինին հաջորդում են  Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին (հարցվածների համապատասխանաբար 8 եւ 10 տոկոսը), Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը (6 եւ 7 տոկոս) եւ «Արդար Ռուսաստան»  կուսակցության  առաջնորդ Սերգեյ Միրոնովը (մոտ 2 տոկոս)։

Ռուսաստանցիների մոտ 1 տոկոսն էլ մտադիր են քվեարկել Գրիգորի Յավլինսկիի, Քսենիա Սոբչակի, Եկատերինա Գորդոնի օգտին։ Հարցվածների 1 տոկոսից պակասն էլ պատրաստ է սատարել ձեռնարկատերերի իրավունքների պաշտպան Բորիս Տիտովի թեկնածությունը։

Հարցումը անցկացվել է դեկտեմբերի 1-5-ը  Ռուսաստանի 48 շրջանների 137 բնակավայրերի 1600 մարդու շրջանում։