Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած վերջին կադրային փոփոխություններով ոչ թե իշխանական բուրգը կազմաքանդվելու է, այլ ավելի է ուժեղանալու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը, հավելելով, որ եթե նախատեսված քայլերն իրականացվեն, իշխանությունն ավելի մեծ աջակցություն է ստանալու:

Նրա խոսքով, պաշտոնանկությունները երբեք էլ ինքնանպատակ չեն եղել: «Արմատական փոփոխություններ հնարավոր են, բայց ոչ հեղափոխական մոտեցումներով, այլ կլինի այնպես, որ յուրաքանչյուր պաշտոնյա, ով չի մտնում Սերժ Սարգսյանի ասած արժեքների մեջ, պիտի հեռանա, եթե չի գործում օրենքի դաշտում եւ կարգապահ չէ»,- ասաց Նիկոյանը:

NEWS.am-ի հարցին, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ ԴԱՀԿ ծառայության ղեկավարին չպատժելու համար Արդարադատության նախարարին ազատեցին աշխատանքից, իսկ հանցանք գործած ԴԱՀԿ պետին՝ ոչ, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Հեռացվողները նախագահի ամենամերձավոր շրջապատից էին եւ եթե այս անգամ մի պաշտոնյա չի հեռացվել, եւ բավարարվել են պատժի այլ ձեւով, կարելի է բավարարվել նաեւ դրանով»: