ԱՄՆ Քենտուկի նահանգի օրենսդիր ժողովի ստորին պալատի  հանրապետական անդամ Դան Ջոնսոնն ինքնասպան է եղել 17 տարեկան աղջկա նկատմամբ ոտնձգությունների մեղադրանքներից հետո, հայտնում է Associated Press-ը:

Հաղորդվում է, որ Ջոնսոնը 57 տարեկան էր: Նա ինքնսպանություն է գործել Լուիսվիլ քաղաքի կամրջի վրա:

Դան Ջոնսոնը օրենսդիր ժողովի անդամ է դարձել 2016 թվականին: Դրանից զատ, նա Լուիսվիլի «Այրվող սիրտ» եկեղեցու քահանան էր եւ աշակերտներին օգնում էր  Աստվածաշունչն ուսումնասիրել: Երկուշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, Քենտուկիի Հետաքննությունների կենտրոնը մի կնոջ հայտարարություն է հրապարակել, որը պնդում էր, որ Ջոնսոնը 2013-ին իր տան նկուղում իր նկատմամբ ոտնձգություն է կատարել, երբ ինքը 17 տարեկան էր: Այդ ժամանակ նա ոստիկանություն էր դիմել եւ տեղի ունեցածի մասին պատմել, բայց հետո գործը փակվել էր, իսկ Ջոնսոնին ոչ մի մեղադրանք չէր ներկայացվել:

Օրենսդիրը կնոջ խոսքը  «միանշանակ սուտ» էր անվանել եւ հայտարարել, որ նման հայտարարությունները ռազմավարություն են՝ պահպանողական հանրապետականներին հաղթելու համար:

Նոյեմբերի վերջին մի քանի կին սեքսուալ ոտնձգությունների մեջ էին մեղադրել Ալաբամայի Գերագույն դատարանի նախկին դատավոր հանրապետական Ռոյ Մուրին, որից հետո կողմնակիցները նրանից հեռացել էին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որր Մուրը մեղադրանքները հեքում է եւ ասում, որ նման բան չի արել:

Համանման մեղադրանքները չեն շրջանցել նաեւ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչներին: Այսպես դեմոկրատ սենատոր Էլ Ֆրանկենը պատրաստվում է հրաժարական տալ ոտնձգությունների մեղադրանքի պատճառով: Նա իր մեղքն ընդունել է եւ ներողություն խնդրել: