Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարն այցելել է Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն, որը մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում հագեցվել է նաեւ բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով:
Կենտրոնում աշխատանքներ են իրականացվել ղեկավար անձնակազմի վերապատրաստման, հիվանդանոցի կառավարման ժամանակակից սկզբունքների եւ համակարգերի ներդրման ուղղությամբ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այս բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1,078,602,000,0 դրամ (շուրջ 2 մլն. 900 հազար ԱՄՆ դոլար):
2009թ. դեկտեմբերից մինչ այժմ արդիականացման աշխատանքներ են իրականացվել եւս չորս մարզային` Հրազդանի, Իջեւանի, Արմավիրի, Արարատի բժշկական կենտրոններում` նպատակ ունենալով նպաստել հիվանդանոցային բուժօգնության մատչելիության աճին` տեղում բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցմամբ նվազեցնելով մարզերից Երեւան հիվանդների հոսքը:
Գորիսի բժշկական կենտրոնում Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքին եւ դրա արդյունքում բուժհաստատությունում ստեղծված պայմաններին, օպտիմալացման ու ներդրումային ծրագրերին:
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա:





























