Ժողովրդավարության առաջամարտիկներ չեն կարող համարվել այն քաղաքական ուժերը, որոնց սպասարկող թերթերն ու հեռուստաընկերությունները իրենց եթերի եւ էջերի 99 տոկոսը նվիրում են իրենց, մեկ տոկոսը՝ ուրիշներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 22-ին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ պատասխանելով ընդդիմադիր դաշտի համախմբման մասին հարցին:
«Եթե այդ ուժերը գան իշխանության, ապա նույնն անելու են ազգային հարստության հետ»,-հայտարարեց Սաֆարյանը: Ըստ նրա, քաղաքական դաշինքները միշտ չէ, որ կարող են ուժեղացնել քաղաքական դաշտը: Սաֆարյանի խոսքով՝ «Ժառանգությունը» այն քաղաքական ուժերից է, որը մի քանի անգամ փորձել է միավորել, կամրջել քաղաքական դաշտը, եւ 2012 թվականին նույնպես նման գործընթաց կնախաձեռնի:
«Բայց չեմ կարծում եմ, որ «Ժառանգությունը» սեւեռված կմնա մի բանի վրա, որը բավական դժվար իրականացնելի է»,-հայտարարեց ընդդիմադիր գործիչը: Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե որոշ ՀՀԿ-ականներ հայտարարում են, որ հաջորդ խորհրդարանում տեղ չունեն «Ժառանգության» համար, Սաֆարյանն արձագանքեց. «Որոշ հանրապետականներ ըսկի իրենք չգիտեն, թե իրենք տեղ կունենա՞ն, թե՝ ոչ: Անկեղծ ասած, այդպիսի կարծիքներ հայտնող մարդկանց վերաբերյալ մենք տեղեկություն ունենք, որ նրանք չեն լինելու գալիք խորհրդարանում: Ծիծաղելի է, որ նրանք «Ժառանգության» վերաբերյալ դատողություններ են անում»:




























