Հայաստանում աճել են անկանխիկ վճարումները եւ էլեկտրոնային առեւտրի ծավալները։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի զարգացման բաժնի ղեկավար Սամսոն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ վճարային քարտերի աճի դինամիկան 2007թ. համեմատ կազմում է շուրջ 2 անգամ:

«Եթե 2007 թ. քարտերի քանակը կազմում էր 327 հազ. հատ, ապա այս տարվա  երրորդ եռամսյակի վերջի դրությամբ՝ 681 հազ. հատ, իսկ մինչեւ տարեվերջ այն կլինի շուրջ 700 հազ.»,-ասաց Ս. Ղազարյանը։ Նրա խոսքով՝ քարտային բանագավառի զարգացմանը զուգահեռ աճել է նաեւ բանկոմատների եւ փոստ-տերմինալների քանակը։ Եթե 2007 թ. վերջին բանկոմատների քանակը Հայաստանում 338 էր, ապա ներկայումս՝ 778 է։ Փոստ-տերմինալների քանակը եւս գրեթե կրկնակի աճել է՝ 2000-ից դառնալով շուրջ 4000։

«Փոստտերմինալների աճի ցուցանիշը վկայում է, որ ներկայումս մեր շուկայում գոյություն ունի անկանխիկով  գործարք կատարելու պահանջարկ։ Իսկ անկանխիկ վճարումների կշիռը ունի բավականին դրական դինամիկա»,-ասաց Ս. Ղազարյանը՝ նշելով, որ եթե անկանխիկ վճարումների կշիռը 2007 թ. եղել է 17 մլրդ դրամ, ապա ներկայումս գերազանցում է 27 մլրդ-ը։ Ընդ որում՝ այդ աճի դինամիկան վերջին մեկ տարվա ընթացքում արագացել է, քանի որ անկանխիկ գործարքների պարագայում բանկերը, ըստ Ս. Ղազարյանի, առաջարկում են տարբեր բոնուսներ։  

Ինտերնետ միջավայրում կատարված գործառնությունների ծավալը 2009թ. կազմել է 5,5 մլրդ դրամ, իսկ այս տարվա երեք եռամսյակի կտրվածքով՝ արդեն 6,3 մլրդ դրամ։