Թուրքիայի տուրիզմի ոլորտի պատասխանատուները ահազանգում են, որ Քաթարի թագավորական ընտանիքի անդամներից շեյխ Նասեր Ալի Ալ Թհանին 5 մլն թուրքական լիրայի վնաս է հասցրել թուրքական տուրիզմին, քանի որ Մարմարիսում հյուրանոց է գնել եւ չի աշխատեցնում։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Մարմարիսի Իչմելերի քաղաքապետը նշել է, թե չեն կարողանում կապ հաստատել Քաթարի շեյխի հետ՝ ճշտելու փակ հյուրանոցի ճակատագիրը։ «Տուրիստական ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ հյուրանոցը հաջորդ տարի եւս փակ է լինելու։ Փակ հյուրանոցը վնասում է մեր շրջանի համբավին եւ նյութական կորուստների պատճառ հանդիսանում»,-նշել է թուրք քաղաքապետը։
Թուրքիայի «Հարավային Էգեյան ավազանի հյուրանոցների սեփականատերերի միության» նախկին նախագահ Ջենգիզ Այգունը հայտնել է, թե հյուրանոցի փակ լինելու պատճառով իրենց շրջանը կորցրել է 6 հազար զբոսաշրջիկի։ Այգունը հաշվարկել է, որ այդ քանակի զբոսաշրջիկները շեյխի հյուրանոցին կապահովեին 11 մլն լիրա եկամուտ, իսկ թուրքական տուրիզմին՝ 5 մլն (3 մլն ԱՄՆ դոլար) եկամուտ։
Քաթարի շեյխը 2010-ի հունվարին գնել է Մարմարիսի «Մուամար» 5 աստղանի հյուրանոցը, սակայն մինչ օրս այն փակ է պահում։



























