Թուրքական լոբբին շատ ուժեղ ճնշում է բանեցնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգ ներառելու հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ «Հայ դատի» եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, այդ ճնշումը լրջորեն աճում է:

Այդուհանդերձ, Մանոյանի ներկայացմամբ, հավանականությունը, որ 252-րդ բանաձեը կներառվի Սենատի Ներկայացուցիչների պալատի օրակարգում, պահպանվում է:

«Հավանականություն կա, սակայն ասել, որ դա անպայման տեղի կունենա, նույնպես չի կարելի»,- ասել է դաշնակցական գործիչը:

Նա նշել է, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին Կոնգրեսում որոշում է կայացվել խնդիրների արագացված կարգով քննարկում անցկացնել, ինչը լրացուցիչ շանս է տալիս 252-րդ բանաձեւի ընդունման համար:

Հարցին, թե կա՞ արդյոք ճնշում նաեւ ամերիկյան գործիչների կողմից, եւ եթե՝ այո, ապա ինչիսի՞ն է այն, Մանոյանը պատասխանել է, որ այդպիսի ճնշում, իսկապես, կա, սակայն այն անհամեմատելի է թուրքականի հետ: «Թուրքիայի հետ կապեր ունեցող որոշակի տնտեսական շրջանակներ փորձում են ազդել բանաձեւի ճակատագրի վրա, բայց ոչ այդ աստիճանի»,- հայտարարել է Մանոյանը:

Դաշնակցական գործիչը նշել է, որ այսպես թե այնպես, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին խոստացել է քննարկման դնել 252-րդ բանաձեւը: «Այդ համատեքստում, ստեղծված իրավիճակը այնքան էլ հասկանալի չէ, բայց դեռ պետք չէ խիստ հայտարարություններ անել»,-ամփոփել է Մանոյանը: