2018 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բեկում պետք չէ սպասել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի  պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Դրա հետ մեկտեղ նա նշեց, թե կցանկանար, որ այդպիսի բեկում լիներ: «Բայց ինչո՞ւ նման հեռանկար չեմ տեսնում: Որովհետեւ հակամարտության կողմերից մեկը՝ Ադրբեջանը ամեն կերպ խուսափում է այն բոլոր պայմանավորվածությունների կատարումից, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում»,- ընդգծեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունները հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու քաղաքական կամք չունեն: