Ուկրաինայի գլխավոր դատախազությունը խստացրել է «Հայրենիք» («Բակկիվշչինա») կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ կիրառված խափանման միջոցը:

«Գլխավոր դատախազությունը շարունակում է սահմանափակել իմ տեղաշարժը երկրի տարածքում: Այժմ ես կարող եմ գտնվել միայն այն հասցեում, որտեղ ապրում եմ»,- հերթական հարցաքննությունից հետո լրագրողներին ասել է Տիմոշենկոն: Նրա խոսքով, հիմա ինքը պարտավոր է ամեն օր այցելել դատախազություն, հաղորդում է RBC-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Տիմոշենկոյի դեմ՝ «իշխանության եւ ծառայողական լիազորությունների գերազանցում, որը հանգեցրել է ծանր հետեւանքների» հոդվածով: Նախկին վարչապետին մեղադրում են Կիոտոյի արձանագրությամբ նախատեսված քվոտաների վաճառքից ստացված միջոցները չարաշահելու մեջ: Ինքը՝ Տիմոշենկոն հերքում է բոլոր մեղադրանքները: