Չարժի առաջընթաց սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում ակնհայտ դարձավ, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տա հակամարտության կարգավորման գործում որեւէ լուրջ առաջընթաց սպասել: «Ադրբեջանն ինքն է իրեն նման վիճակում դրել, երբ ստիպված է իր ամբողջ ավտորիտար համակարգն օգտագործել  Հայաստանի դեմ պայքարի եւ ատելության տրամադրություններ տարածելու գործի մեջ»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ միջազգային բոլոր հարթակներում Բաքուն փորձում է Հայաստանի դեմ ուղղված աշխատանք սկսել:

Սակայն, ՀՅԴ-ականի կարծիքով, ամենավտանգավորն այն է, որ Ադրբեջանը հայերի դեմ ատելությունը քարոզում է ադրբեջանցիների երիտասարդ սերնդի շրջանում՝ աշակերտական նստարանից սկսած: Դրանից զատ, պատգամավորի կարծիքով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը արգելակում է շփման գծում մշտական լարվածությունը, որի հետեւանքով երկու կողմից պարբերաբար մարդիկ են զոհվում: «Դրանից բացի, բանակցային գործընթացի ժամանակ Ադրբեջանը ոչ մի կառուցողական նախաձեռնության չի աջակցում՝ առաջնորդվելով ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով»,- նշեց Աղվան Վարդանյանը: