ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստոագրել, որը թույլ է տալիս ԱՄՆ զինված ուժերում ծառայել  համասեռամոլներին: Այս օրենքի ստորագրման արարողությունը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաընկերությունների եթերում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Օրենքը, որը շատ ամերիկացիներ անվանում են պատմական, չեղյալ է համարում «Մի հարցրու, մի ասա» անունն ստացած օրենքը, որն ուժի մեջ էր մտել Բիլ Քլինթոնի նախագահության ժամանակ: Չեղյալ համարված օրենքի էությունը նրանումն է, որ արվամոլներին ու լեսբուհիներին թույլ է տրվում ծառայել ԱՄՆ բանակում, բայց արգելվում է բացահայտել սեփական սեռական կողմնորոշումը, իսկ զինվորական հրամանատարությանը՝ հարցնել այդ մասին:

Համասեռամոլներն այդ օրենքը համարում էին կեղծավոր եւ այս տարիներին ձգտում էին հասնել նրան, որ ազատորեն խոսեն իրենց սեռական կողմնորոշման մասին, անգամ ծառայության ժամանակ:

Ի տարբերություն այլ շատ օրենքների, «Մի հարցրու, մի ասա» օրենքի չեղյալ համարումը անմիջապես ուժի մեջ չի մտնելու: Դրա համար պետք է միանգամից 3 մարդու ստորագրություն՝ երկրի նախագահի, պաշտպանության նախարարի եւ ԱՄՆ Զինված ուժերի միացյալ կոմիտեի շտաբների պետերի ղեկավարի:

Պետնագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը եւ շտաբերի պետերի ղեկավար Մայքլ Մալենն արդեն հայտարարել են, որ չեն շտապում իրենց համաձայնությունը հայտնել, որ բանակը համալրվի բաց համասեռամոլներով: Թե որքան ժամանակ պետք կլինի «Մի հարցրու, մի ասա» օրենքը իրականում չեղյալ համարելու համար, ոչ Սպիտակ Տանը, ոչ Պենտագոնում չգիտեն: