Ռուս հայտնի գործիչների մի խումբ հանդես է եկել մոսկվացիներին ուղղված դիմումով. «Դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակը դարձավ մեր խայտառակության հրապարակը: Այդ օրը մոսկվացիների եւ ողջ ռուս ժողովրդի անունից միաձայն սկսեցին խոսել նացիստները: Նրանք Եգոր Սվիրիդովի սպանությունն օգտագործեցին իրենց կեղտոտ քաղաքական նպատակների համար: Մոսկվան ներկված էր սվաստիկաներով, մետրոյում ու փողոցներում ջարդեր էին տեղի ունենում… Սադրիչներն ու սակավամիտները փորձում են թելադրել մեզ կյանքի իրենց կանոնները, բայց այդ կանոնները երբեք մերը չեն դառնա:
Մենք՝ տարբեր ազգերի, տարբեր զբաղմունքի եւ տարբեր քաղաքական հայացքների տեր նորմալ մարդիկ, բավական շատ ենք, որպեսզի կարողանանք նրանց տեղը դնել: Դրա համար պետք է միայն կամք եւ պատասխանատվություն ցուցաբերել: Մենք կոչ ենք անում մոսկվացիներին կանգնել ի պաշտպանություն նորմալ կյանքի եւ մարդկային արժանապատվության:
Մոսկվան՝ մարդկանց համար:
Ռուսաստանն առանց նացիզմի»:
Այս դիմումը ստորագրել են վիրաբույժ Լեո Բոկերիան, երգիչ Ալեքսեյ Կորտնեւը, դերասան եւ ռեժիսոր Եվգենի Միրոնովը, երաժիշտ Վլադիմիր Սպիվակովը, երգիչ Տիմուր Շաովը, գրող Վիկտոր Շենդերովիչը, դերասան եւ ռեժիսոր Ալեքսանդր Շիրվիդտը, դերասանուհի Չուլպան Խամատովան, Խիմկինի անտառի պաշտպանության շարժման առաջնորդ Եվգենի Չիրիկովը:





























