«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ռաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաեւ այդ կուսակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկություն են արել զրո տոկոս մաքսատուրք կիրառել Հայաստան ներմուծվող բեղմնավորված ձկնկիթի, տոհմային ինկուբացիոն ձվերի եւ կենդանական կերերի նկատմամբ։

Պատգամավորների առաջարկը, մասնավորապես, պայմանավորված է Սեւանի ձկնապաշարները պահպանելու մտահոգությամբ։ Նրանց կարծիքով՝ նախագծի ընդունումը կխթանի ձկնաբուծության զարգացմանը:

Ըստ ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի կատարած հետազոտությունների` 1983թ. Սեւանում սիգը եղել է 10-11 հազար տոննա (այն ժամանակ լճի հիմնական ձկնային պաշարների 80-90 տոկոսը կազմում էր սիգ տեսակի ձուկը): 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին այն հասել էր առավելագույնի՝ 30 հազար տոննա, 2000թ.-ին իջել էր մոտավորապես 2 հազար տոննայի, իսկ այսօր ունենք ընդամենը 170-180 տոննա:

Օրենքի ընդունման արդյունքում սպասվում է արհեստական ջրամբարներում ձկնաբուծության խթանում, ինչը կհանգեցնի Սեւանա լճից ձկնորսության նվազման: Բացի այդ, այն նաեւ հնարավորություն կընձեռի ձկնաբուծությամբ զբաղվող փոքր ու միջին ձեռնարկություններին, առավել նպաստավոր վիճակում հայտնվելով, մեծացնելու արտահանման հնարավորությունները, ինչի արդյունքում կավելանան արտարժույթի հոսքերը դեպի հանրապետություն:

Սակայն կառավարությունը բացասական եզրակացություն է տվել պատգամավորների առաջարկին։ Կառավարության բացատրագրում նշվել է, որ սույն ապրանքների նկատմամբ կիրառվող 10 տոկոս մաքսատուրքը արդարացված է։ Բացի այդ՝ պատգամավորները չեն տարանջատել տոհմային ինկուբատոր ձվերը սովորական ձվերից, ինչի հետեւանքով մաքսային մարմինների համար կստեղծվեն դժվարություններ: