Իրանում ալկոհոլի նկատմամբ սեր ունեցող իրավախախտն արժանացել է հրապարակային գանահարման: Դատարանի որոշմամբ նա մտրակի 80 հարված է ստացել:

Ինչպես հաղորդում է Euronews-ը, մարմնական պատիժը կայացել է Իրաքի հետ սահմանակից Խուզեստան նահանգի Ռամշիր քաղաքի կենտրոնական հրապարակում:

Հիշեցնենք, որ Իրանում 1979 թվականից ի վեր, երբ երկրում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն, գործում է «չոր օրենքը»: Սպիրտային խմիչքների վաճառքը կամ օգտագործումը խստիվ արգելվում է: Օրինախախտներին սպառնում է ոչ միայն ֆիզիկական պատիժ, այլեւ ազատազրկում:

Բացի այդ, Իրանում հաճախ հանցագործներին պատժում են հրապարակայնորեն: Ինչպես հայտնի է,  երբեմն այդպես են իրականացվում նաեւ մահապատիժները:

Հավելենք, որ սեպտեմբերին Իրանի դատարաններից մեկի դատավորը որոշել էր կտրել շոկոլադի խանութից գողություն կատարած մարդու ձեռքը: Բացի այդ, քաղցրասեր գողը մեկ տարի անցկացնելու է բանտում, հիշեցնում է «Ռոսբալտը»: