Հայաստանի տրանպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի հետ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը, հանդիպման ընթացքում քննարկվել են 2011 թվականի ռազմավարական ծրագրերին` մասնավորապես «Հյուսիս-Հարավ» երկաթուղային գծի տեխնիկատնտեսական հիմնավորման, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի տեխնիկատնտեսական հիմնավորման եւ ֆինանսավորմանն առնչվող հարցեր:
Ռուսական կողմը տեղեկացրել է, որ 2011թ.-ի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջոցների հաշվին կիրականացվի Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի շինարարության նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Հիմնավորման արդյունքների հիման վրա կքննարկվեն նախագծի ֆինանսավորման եւ շինարարական աշխատանքների հարցերը:
Նախարար Մ.Վարդանյանը ներկայացրել է նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ազատ առեւտրի գոտու եւ լոգիստիկ կենտրոնի ստեղծման նախագծերը:





























