Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվի, եթե փոխզիջումներ չլինեն: Այս մասին դեկտեմբերի 19-ին Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ ասաց Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ գործարք կայանա: Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ հակական կողմը պետք է վերադարձնի մի շարք ադրբեջանական տարածքներ, որոնք հակամարտության ընթացքում գրավել են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը, նշեց Զատուլինը: «Ես կարծում եմ, որ տարածաշրջանում անհնար է ամուր խաղաղության հասնել, եթե Ադրբեջանը շարունակի Լեռնային Ղարաբաղի վերադարձ պահանջել, եւ եթե Հայաստանը չվերադարձնի գրաված ադրբեջանական շրջանները»,- ընդգծեց նա:

Խորհրդարանականի խոսքով՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ Ադրբեջանն արդեն Լեռնային Ղարաբաղը չէր վերահսկում, եւ ըստ էության՝ փորձերը ցույց տալ, թե Ղարաբաղը պատկանում է անկախ Ադրբեջանին, կասկածելի են նույնիսկ իրավական տեսանկյունից:

Ինչ վերաբերում է հակամարտության գոտու իրավիճակին, Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ վատ նորությունների բացակայությունն արդեն լավ նորություն է այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2016 թվականին: 

«Մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում որեւէ բեկում չենք տեսնում, եւ այսօր դրա հույս ունենալու ակնկալիք չկա, քանի որ կողմերը հավատարիմ են մնում տրամագծորեն հակառակ դիրքորոշումներին: Բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ բացառվի հակամարտության լարվածությունն ու արյունահեղությունը»,- ամփոփեց նա: