Թուրքիայի Իգդիրի համալսարանի ռեկտոր, պրոֆ. Իբրահիմ Հաքքը Յըլմազը հանդես է եկել մամուլի ասուլիսով որի ընթացքում անդրադարձել է իրենց համալսարանում հայոց լեզու եւ գրականություն բաժին բացելու նախաձեռնության շուրջ ընթացող խոսակցություններին։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Իգդիրի համալսարանի ռեկտորը նշել է, թե իրենք ցավով արձանագրել են, որ հայերենի մասնագետին Հայաստանից բերելու նախաձեռնությունը հասարակության մեջ սխալ կերպ է ընկալվել։ Ռեկտորը շեշտել է, թե հայերեն բաժնի բացումը դեռ հաստատ չէ, այն դեռ մտադրություն է, որի անհրաժեշտության դեպքում կարելի է իրականացնել։
Թուրք պրոֆեսորը նշել է, թե պատմական իրադարձությունները ճիշտ մեկնաբանելու, սխալ եւ վատ նպատակով իրականցվող քարոզչության դեմն առնելու համար պետք է օգտագործել գիտությունը, որի համար էլ անհրաժեշտ է հայերեն լավ իմացող մասնագետ։ «Այդ ամենը կարող է իրականացվել համալսարանների միջոցով, քանի որ համալսարանները օժտված են ինքնուրույնությամբ, ամեն տեսակ մտքեր արտահայտելու ազատությամբ, հեռու նախապաշարումներից։ Այն մի վայր է, որտեղ գիտական փաստերի հիման վրա կարելի է քննարկել ամենահակադիր տեսակետները»,-ընդծել է ռեկտորը։
Իգդիրի համալսրանի ռեկտորը շեշտել է, որ սպասում է, որ Ադրբեջանի միջազգային սփյուռքի ղեկավար Իսմաիլ Ագայեւը հետ կվերցնի իրեն ուղղված վիրավորական խոսքերը, հակառակ դեպքում ինքը կդիմի դատարան։
Նշենք, որ ադրբեջանցի պաշտոնյան Իգդիրի համալսարանի ռեկտորի նախաձեռնությունը՝ բացել հայկական բաժին, անվանել էր՝ տեղեկատվության պակասով լի, չափն անցած եւ անհաջող։




























