Կարտելների վերահսկողության դաշնային գերատեսչությունը կասկածում է Facebook-ին գերմանացի օգտատերերի տվյալների չարաշահման մեջ, փոխանցում է DW-ն:
Facebook-ը այլ սոցիալական ցանցերի համեմատ առաջատար դիրքեր է զբաղեցնում Գերմանիայում, ինչը եւ չարաշահում է՝ սոցիալական ցանցում գրանցվելու դիմաց գերմանացիներից պահանջելով համաձայնել երրորդ աղբյուրներից տվյալների անսահմանափակ հավաքագրմանը, մասնավորապես նշվում է հայտարարության մեջ:
Այդպիսի երրորդ աղբյուրների թվում են ինչպես WhatsApp-ը, Instagram-ը, որոնք ևս պատկանում են Facebook-ին, այնպես էլ այլ օգտատերերի հեռախոսային հավելվածները եւ ինտերնետային էջերը, որոնք կապված են սոցիալական ցանցի հետ: Գերատեսչության կարծիքով՝ Facebook-ը՝ որպես առաջատար ընկերություն, պետք է հաշվի առնի այն, որ օգտատերերը իրական այլընտրանք չունեն: Գրանցվելով՝ նրանք կանգնում են ընտրության առջեւ՝ կամ ընդունել Facebook-ի բոլոր պայմանները կամ հրաժարվել օգտագործել սոցիալական ցանցը: Նման պայմաններում անհնար է խոսել այն մասին, որ օգտատերը Facebook-ին իրական համաձայնություն է տալիս տվյալների հավաքագրման եւ մշակման համար այն ծավալներով, որոնց մասին ասվում է Կարտելների վերահսկողության դաշնային գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ներկայումս գերատեսչությունը վարչական հետաքննություն է սկսել: Որոշումը կկայացվի 2018 թվականի ամռանից ոչ շուտ:




























