Facebook-ը  մինչեւ 13 տարեկան երեխաների համար Messenger Kids է թողարկել:

Մենք փորձել ենք պարզել՝ արդյոք դա այդքան լավ է, որքան սոցցանցը փորձում է ներկայացնել:

Ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ մանկական մեսենջերը ծնողների վերահսկողության տակ է գտնվելու, ավելին՝ միայն նրանք կկարողանան հաստատել իրենց երեխաների ընկերներին: Սսակայն շատ քաղաքական գործիչներ եւ գիտնականներ վրդովված են այս գաղափարից:

Ի՞նչ նպատակ է իր առջեւ դնում Messenger Kids հավելվածը

«Այսօր շատ ծնողներ թույլ են տալիս երեխաներին իրենց սմարթֆոններից եւ պլանշետներից օգտվել, սակայն նրանց մոտ հարց է առաջանում՝ ինչով են երեխաները զբաղվում համացանցում եւ որ հավելվածներից պետք է խուսափել» -ասում է  Messenger Kids նախագծի մենեջեր Լորեն Չենը:

«Մեր ուսումնասիրությունների ընթացքում ծնողներն իրենք են պատմել մեզ այն մասին, ինչպես է պետք բարելավել մեր հավելվածները: Մենք որոշել ենք այն մշակել այն մարդկանց համագործակցությամբ, ովքեր օգտվելու են դրանցից եւ փորձագետների գլխավորությամբ», - ասում է Չենը:

Նա նշել է,  որ Messenger Kids-ն, ընդհակառակը մանկության պաշտպանության աջակից է:

«Մենք ծնողներից հազարավոր հարցումներ ենք ստացել,  որոնք ուզում են երեխաների հետ շփման արտադրանք եւ որը իրենք կարող են վերահսկել»:

Պե՞տք են արդյոք փոքր երեխաներին սոցցանցերը

Շոն Փարքերը Facebook-ի առաջին ներդրողներից է: Վերջերս կայացած համաժողվներից մեկում նա ասել է, որ իր օգնությամբ ստեղծված կայքը հավանաբար երեխաների վրա վատ ազդեցություն է թողնում:

«Միայն Աստված գիտի, թե ինչ են անում սոցցանցերը մեր երխաների ուղեղների հետ», - ասել է նա՝ խոսելով դոֆամինի փոքր հոսքի մասին, որը մարդը ստանում է, երբ սոցցանցում ինչ-որ մեկը իր գրառմանը լայք է դնում:

Ամերիկյան Common Sense Media-ն, որն իր գլխավոր նպատակն է համարում  «երեխաների եւ ծնողների կյանքն ավելի լավը դարձնելը», մանրամասն ուսումնասիրել է, թե ինչպես են երեխաները սոցցանցերն օգտագործում:

«Մինչեւ 13 տարեկան երեխաների համար մեսենջեր ստեղծելն, առաջին հայացքից, լավ գաղափար է թվում», - ասում է կազմակերպության ղեկավար Ջեյմս Սթեյերը:

 «Հիմա մեզ դուր է գալիս, որ մեսենջերում գովազդ չկա եւ կարծես թե իսկապես այնպես է արված, որ ծնողները լիովին վերահսկելու հնարավորություն ունենան: Բայց ինչու՞ մենք պետք է հավատանք, որ Facebook-ը երեխաների շահերի համար է գործում» - հարց է ուղղում նա:

Ի՞նչ են մտածում քաղաքական գործիչները

Բրիտանիայի առողջապահության նախարար Ջերեմի Հանթը քննադատել է մանկական մեսենջերը:

«Facebook-ը խոստացել էր անչափահասներին պաշտպանել իր արտադրանքի օգտագործումից եւ դրա  փոխարեն ավելի է ընդլայնում սոցիալական ցանցը: Հեռու գնացեք իմ երեխաներից եւ պատասխանատու գործեք»,-ասել է նախարարը:

Վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել նախարարի խոսքերը:

 «Հանթը մտահոգված է երեխաների մտավոր առողջության պաշտպանությամբ», — նշվում է հայտարարության մեջ:

Մի փոքր առողջության մասին

Շեֆիլդի համալսարանի բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ որքան երեխաները ավելի շատ ժամանակ անցկացնում  սոցիալական ցանցերում, այնքան ավելի դժբախտ են իրենց զգում:

Ըստ հետազոտության՝ սոցցանցերում մեկ ժամ անցկացնելը 14 տոկոսով նվազեցնում է հավանականությունը, որ երեխաները լիովին գոհ կլինեն կյանքից:

Անգամ մեկ ծնողի հետ ապրելը երեխայի բարօրության վրա 3 անգամ ավելի քիչ է ադում, նշում են գիտնականները:

Սոցցանցերը եւ հանցագործները

Ըստ ռուս հոգեբանների՝ համացանցի հայտնվելուց հետո, հանցագործները փորձում են երեխաների հետ ծանոթանալ ոչ թե փողոցում, այլ սոցցանցերում, որտեղ ավելի հեշտ է անանուն մնալ:

«Ծնողները կարծում են, որ երեխաների համար սմարթֆոն գնելով՝ նրանց հեռու կպահեն տհաճություններից:

Նրանք մտածում են, որ եթե երեխան փողոցում գնա խաղալու, ապա վտանգի մեջ կհայտնվի, բայց եթե հարեւան սենյակում պլանշետով նստի, ապա նրա հետ ոչինչ տեղի չի ունենա»,-ասել է հոգեբան Աննա Կիրյանովան՝ հավելելով, որ շատ մանկապիղծներ շատ լավ գիտեն երեխաների հոգեբանությունը:

Նրա խոսքով՝ երեխաները մեծերին իրենց կյանքում տեղի ունեցածի մասին քիչ են պատմում, առավել եւս ինտիմ բնույթի երեւույթների մասին:

 «Լինում է, որ ծնողներն իրենց երեխաների նկատմամբ կիրառված բռնության մասին իմանում են միայն այն ժամանակ, երբ երեխան մեծանում է»:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի», lifehacker.ru-ի, BBC-ի նյութերի