Հայերը օգտվում են Իրանի սովորական քաղաքացիների բոլոր իրավունքներից եւ կարող են ազատորեն իրականացնել իրենց կրոնական արարողությունները եւ տոները: Այս մասին հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը՝ իսպանական EFE լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունը ճանաչում է բոլոր քրիստոնյաների իրավունքները, որոնց թույլատրված է կրոնական ծեսեր իրականացնել:
Մերձավոր Արեւելքում պատերազմի եւ քաոսի ֆոնին ողջունելով Իրանում տիրող խաղաղությունը եւ անվտանգությունը՝ նա Իսլամական Հանրապետությունը անվանել է անվտանգ եւ կայուն երկիր, որտեղ քրիստոնյաները ունեն կրոնական ազատություն եւ երբեք հետապնդումների չեն ենթարկվել, հաղոդում է Tasnim-ը:
Նա նաեւ կարեւորել է Իրանում հայերի մշակութային ժառանգության պահպանումը` նշելով, որ բոլոր քրիստոնեական դպրոցների, կազմակերպությունների եւ եկեղեցիների նպատակն է պահպանել հայերի կրոնական եւ բարոյական ինքնությունը:




























