Apple ընկերությունն ընդունել է, որ դիտավորյալ նվազեցնում է iPhone-ի որոշ հին մոդելների աշխատանքի արագությունը, հայտնում է Business Insider-ը:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս «գործառույթն» այն նպատակով են ներդնում, որ ապահովեն սմարթֆոնների մարտկոցների ավելի լավ աշխատանքը: Սահմանափակումը թույլ է տալիս մեծացնել մարտկոցների աշխատանքի երկարատեւությունը եւ խուսափել սարքերի հանկարծակի անջատվելու խնդրից:
Apple-ի ներկայացուցիչների կարծիքով օգտատերերի մեծամասնությունը չի նկատում պրոցեսորների տակտային հաճախականության նվազումը:
«Անցյալ տարի մենք այս գործառույթը ավելացրել ենք iPhone 6-ին, iPhone 6s-ին եւ iPhone SE-ին, որ կանխենք ակամա անջատումը: Առաջիկայում այն կհայտնվի նաեւ iPhone 7-ում»,- հայտարարել են ընկերությունից:
Ավելի վաղ Reddit-ի օգտատերերը վարկած էին առաջ քաշել, որ Apple-ն արհեստականորեն է նվազեցնում սմարթֆոնների պրոցեսորի տակտային հաճախականությունը:




























