Դեկտեմբերի 15-ին ավարտվեց կառավարության նախաձեռնությամբ ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու աշխատանքների առաջին փուլը և տրվեց ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը, այժմ անհրաժեշտ է համակարգված միջոցներ ձեռնարկել համապատախան աշխատանքների երկրորդ փուլը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա տարածքային կառավարման ու զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, ՊԵԿ նախագահին, Կադաստրի պետական կոմիտեի նախագահին ու ջրպետկոմի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության 2-րդ փուլի անհրաժեշտ ենթակառուցվածնքների ապահովման ուղղությամբ:

Բացի այդ, Կարեն Կարապետյանը արտաքին գործերի եւ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարեց շարունակել աշխատանքները՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Մեղրիի ազատ տնտեսական գոտու առավելությունների, առևտրային հնարավորությունների, ինչպես նաև բարենպաստ ռեժիմների վերաբերյալ հնարավորինս լայն իրազեկում ապահովելու նպատակով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 ընկերություններ, որոնց կողմից կատարված ներդրումները կհասնեն 130-150 մլն դոլարի, ինչպես նաեւ  կստեղծվեն շուրջ 1500 նոր աշխատատեղեր: Արտահանման ծավալը կկազմի 350 միլիոն: Ազատ տնտեսական գոտու գործողության ժամկետը 50 տարի է: