Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի նիստում Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և  ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին որոշման նախագիծը:

«Օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուր»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները վերանայելու հայտով, որով առաջարկվել էր 194,3 տասնորդական դրամ՝ ներառյալ ԱԱՀ, որն էլ ՀԾԿՀ-ի կողմից բավարարվել է», - ընդգծեց Արսեն Հարությունյանը՝ հավելելով, որ սակագնի բարձրացումը բաժանորդների մոտ լրացուցիչ բեռ չառաջացնելու համար առաջարկվում է օպերատորի կողմից վճարվող վարձավճարների հաշվին «Վեոլիա Ջուր»-ին տրամարդել սուբսիադիա՝ 2018-ի ընթացքում նախկին 180 դրամ սակագինը պահպանելու համար:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ մենք սուբսիդավորում ենք բոլոր սպառողներին» եւ ստացավ դրական պատասխան:

«Այս որոշումն ընդունում ենք, բայց հետագա նման գործողությունների ժամանակ մշակել կարգ, որով որ մենք սուբսիավորենք միայն սոցիալապես խոցելի զանգվածին, ոչ թե տոտալ բոլորին, էս վերջին տարին ա, որ մենք տոտալ բոլորին սուբսիադավորում ենք», - ընդգծեց վարչապետը: