Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը բանկի աշխատակիցների հետ ուղիղ կապի ժամանակ կարծիք է հայտնել, որ «Յանդեքս»-ի մշակած արհեստական ինտելեկտով «Ալիսա» ձայնային օգնականով աշխատել դեռեւս չի ստացվում, այն լուրջ զարգացման կարիք ունի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հոկտեմբերին «Յանդեքս» ինտերնետ ընկերությունը գործարկել է իր «Ալիսա» ձայնային օգնականը՝ հիմնված արհեստական ինտելեկտի վրա։ Ընկերությունը հայտարարել է, որ ռուսական «Ալիսա» ծրագիրն ամերիկյան Siri-ից տարբերվում է հարցերին պատասխանելիս «շրջանակներից դուրս գալու» հնարավորությամբ։ «Յանդեքս»-ի հավաստմամբ՝ խոսքային իմպրովիզ չունի ոչ մի ձայնային օգնական՝ բացի «Ալիսա»-ից։
«Ոչ, նրանից օգտվելն անհնար է: Նա դեռ շատ հիմար է: Ես փորձեցի օգտվել, բայց չստացվեց»,-ասել է Գրեֆը: «Ես չեմ ուզում վիրավորել որեւէ մեկին, իսկապես սիրում եմ «Յանդեքս» ընկերությունը: Այնտեղ հրաշալի մարդիկ են աշխատում, շնարհակալություն նրանց այն բանի համար, որ մենք հնարավորություն ունենք օգտվել իրենց արտադրանքից։ Բայց դեռեւս «Ալիսա»-ն արհեստական ինտելեկտի զարգացած մոդել չէ, դեռեւս այն ձայնը լավ ճանաչող մոդել է: Խոսքը voice recognition-ի մասին է: Դա միայն «Յանդեքս»-ում ձայնային օգնության ֆունկցիա է, այն պետք է շատ լուրջ զարգացվի»,-շեշտել է նա:
«Ալիսան եւ Siri-ն դեռեւս հիմար են, եւ ոչ նրա համար որ « Ալիսան» պարտվում է ինչ-ինչ մրցակիցների: Ես արդեն ասել եմ, որ «Յանդեքս»-ի ինժեներները ոչնչով չեն զիջում Google-ի ինժեներներին: Նրանք հրաշալի են: Շատ լավ է, որ մենք ունենք այդպիսի տաղանդավոր մարդիկ: Միայն թե դեռեւս արհեստական ինտելեկտը այնքան խելացի չէ, որ հետաքրքիր լինի նրանից օգտվել»,-ընդգծել է Գրեֆը:




























