2017 թվականի երկրորդ կեսը ղարաբաղյան կարգավորման տեսանկյունից ավելի հանգիստ էր: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայնեց  ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

2017 թվականի առաջին կեսը, ըստ նրա, տարբերվում էր շփման գծում իրավիճակի սրման բազմաթիվ դեպքերով, սադրանքներով, որոնք մարդկային կորուստների են հանգեցրել:

«Սակայն Ժնեւում կայացած գագաթնաժողովից, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո արձանագրվեց լարվածության որոշակի մեղմացում»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է զգոն լինել, քանի որ շփման գծում լարվածության անկումը պայմանավորված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկներով, որոնց հետ հակամարտության երկու կողմերն էլ համաձայն էին, ինչպես նաեւ կապված չէ դիտորդական գործառույթների ընդլայնման, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման հետ:

Ինչպես ընդգծել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, շփման գծում սրացումների մեղավորը Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւն է, եւ յուրաքանչյուր սրացում կապված է հակամարտության կարգավորման վերաբերյալ  հենց նրա դիրքորոշման հետ:

«Չէ՞ որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է, եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ այնտեղ ընդունված ցանկացած որոշում անմիջականորեն կապված է պետության ղեկավարի դիրքորոշման ու որոշման հետ»,- մանրամասնեց Արմեն Աշոտյանը: