Իրանի հետ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի կարծիքով՝ այս մասին են վկայում երկու երկրների արտգործնախարարների փոխադարձ հանդիպումները, տվյալ գերատեսչությունների միջեւ առկա համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստանի Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Թեհրան:

«Կարծում եմ՝ չնայած այն հանգամանքին, որ մենք սերտ հարեւաններ ենք եւ բավական բարեկամական ժողովուրդներ, այնուամենայնիվ, մենք դեռ բավականաչափ լավ չգիտենք միմյանց: Իրանի դերը  տարածաշրջանում հսկայական է, եւ հայ-իրանական հարաբերությունները պետք է ունենան ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակություն»,- նշեց Աշոտյանը: