Օտարերկրացիների կողմից պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերը կամ դրանց փորձերն ավելանում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ազգային անվտանգության ծառայության առաջնահերթ խնդիրներից մեկը շարունակում է մնալ հետախուզական եւ հակահետախուզական գործունեության արդյունավետության բարձրացումը: Հայաստանը պետք է արդյունավետորեն պաշտպանի իր ազգային-պետական շահը եւ իր ամեն մի քաղաքացուն: Դա տքնաջան եւ հետեւողական աշխատանք է, որը բնավ չի սահմանափակվում մեր պետության սահմաններով: Անհրաժեշտ է աշխատել ինչպես երկրի ներսում, այնպես էլ եւ, միգուցե, առավել եւս՝ արտերկրում:

Այս բնագավառում ձեր կատարված աշխատանքի ամփոփումը թույլ է տալիս որոշակի գոհունակությամբ խոսել արձանագրված հաջողությունների մասին: Միաժամանակ տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, գլխավոր հակառակորդի հետախուզական գործունեության ծավալները եւ անընդհատ զարգացող հեռահաղորդակցության տեխնոլոգիաները մեզ ստիպում են անընդհատ աչալուրջ լինել: Որակական նոր բնույթ ունեցող սպառնալիքները պահանջում են դրանց հակազդման հավասարազոր քայլերի ձեռնարկում:

Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ արդյունքները կարող են ավելի լավը լինել, եթե ձեր աշխատանքի ավանդական գործելաոճը համատեղվի ժամանակակից մեթոդների ու միջոցների խելացի գործադրման հետ:

Չափազանց կարեւոր եմ համարում մեր սահմանների պահպանության գործում կատարված աշխատանքը: Ազգային անվտանգության մարմինների ցուցաբերած զգոնության արդյունքում այս ոլորտում տարեցտարի արձանագրվում են դրական արդյունքներ:

Միաժամանակ, վերջին մի քանի տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օտարերկրացիների կողմից պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերը կամ դրանց փորձերն ավելանում են: Տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումներով պայմանավորված միգրացիայի ավելացման միտումները թույլ են տալիս կանխատեսել, որ մի պետությունից մյուսն անցնելու համար տարբեր անհատներ եւ կազմակերպություններ փնտրելու են ապօրինի միգրացիոն նոր ուղիներ: Դա առաջացնելու է նաեւ այդ ուժերի անառողջ հետաքրքրությունը մեր երկրի սահմանների եւ տարածքի հանդեպ: Ուստի, այս բնագավառում պետք է ակտիվացնել համագործակցությունը պաշտպանության նախարարության եւ ոստիկանության հետ, վերացնել հնարավոր այն բացթողումները, որոնց առկայությունը կարող է նպաստել ապօրինի սահմանահատմանը:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այստեղ ցանկացած չնչին թերություն կարող է գլխավոր հակառակորդի կողմից օգտագործվել դիվերսիոն-հետախուզական կամ ահաբեկչական խմբերի ներթափանցման նպատակով: Կարծում եմ, որ այս ուղղությամբ հարկավոր է նաեւ ակտիվորեն օգտագործել նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները»: