2018 թվականին Հայաստանում տեղի են ունենալու երեք խոշոր միջոցառումներ, որոնց հաջող անցկացումը պետք է պատվի հարց լինի բոլորիս համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«2018 թվականին Հայաստանում տեղի են ունենալու երեք խոշոր միջոցառումներ, որոնց հաջող անցկացումը պետք է պատվի հարց լինի բոլորիս համար: Խոսքս Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին, Երեւանի հիմնադրման 2800 ամյակին նվիրված տոնակատարությունների եւ հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մասին է:
Այս միջոցառումները նոր ասպարեզներ են բացում եւ հնարավորություններ ստեղծում՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու տեսանկյունից: Մյուս կողմից դրանք առաջացնում են աննախադեպ պարտավորվածություն՝ այդ միջոցառումները պատշաճ եւ ամենակարեւորը՝ անվտանգ անցկացնելու առումով: Վստահ եմ՝ գիտակցում եք, որ այդ պատասխանատվության առյուծի բաժինը ընկնելու է հենց ձեր ուսերին: Իմ հանձնարարությունն է՝ շատ լրջորեն նախապատրաստվել այդ միջոցառումներին:
Հարգելի՛ գեներալներ եւ սպաներ,
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միշտ աչքի են ընկել իրենց հատուկ խառնվածքով, հայրենիքին անսահման, երբեմն անձնուրաց նվիրումով: Այսօր ներկա մեր վետերանները, կրելով թվարկածս որակները, իրենց օրինակով եւ փոխանցած գիտելիքներով մշտապես ոգեշնչել են ձեզ: Ձեր շարքերում ծառայել եւ ծառայում են եզակի մարդիկ, որոնց գործը հիրավի սխրանք եւ հերոսություն է եղել: Հենց այդ է պատճառը, որ մեր ժողովուրդը միշտ ակնածանքով է վերաբերվել այս ծառայության գործունեությանը:
Ազգային անվտանգություն ծառայությունում երբեք հեշտ չի եղել: Դուք էլ երբեք հեշտ ճանապարհներ չեք փնտրել: Վստահ եմ՝ արձանագրված ձեռքբերումներով չեք բավարարվելու:
Մեր նպատակն է՝ ստեղծել լավագույն նման ծառայությունը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ նաեւ ինչու ոչ՝ միջազգային մակարդակում: Այդպես պետք է ավելի ապահով ու ավելի անվտանգ միջավայր հաստատենք, նպաստենք երկրի տնտեսական բարեկեցության բարձրացմանը: Դա նաեւ երաշխավորելու է Հայաստանի կայուն տեղը կայացած ժողովրդավարությունների շարքում:
Այդ ճանապարհին մենք պետք է շարունակենք կատարելագործել ծառայության պրոֆեսիոնալ կարողությունները՝ պարբերաբար բարձրացնելով կադրերի մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման որակը՝ նոր մակարդակի հասցնելով կառույցի նյութատեխնիկական համալրումը: Ծառայության անձնակազմի եւ հատկապես՝ հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցների սոցիալական, ներառյալ՝ կենցաղային պայմանների բարելավման խնդիրները միշտ եղել եւ լինելու են ծառայության ղեկավարության եւ իմ՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության կենտրոնում:
Մեկ անգամ եւս, հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ: Ուզում եմ նաեւ հատուկ շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքի անդամներին: Վստահ եմ, որ ձեր ծառայության բացառիկ կարեւորության գիտակցմամբ եւ իրենց հոգատարությամբ նրանք մեծապես նպաստում են հանուն Հայաստանի Հանրապետության ձեր ծառայությանը»:











