Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նորմալ երեւույթ է համարում: «Իսկ ինչո՞ւ երկրորդ նախագահը չպիտի ուզենա լուրջ ազդեցություններ ունենալ: Նախագահ է, իր երկիրն է, իր ժողովուրդն է, ոնց որ բոլորիս համար...»,-հայտարարեց Սահակյանը: Նա նշեց, որ Քոչարյան-Պուտին հանդիպումը սովորական հանդիպում է, եւ անհրաժշտություն չկա խորամուխ լինել՝ պարզելու, թե ինչի մասին են խոսել այդ երկու գործիչները:
Հարցին, թե այսօ՞ր էլ Քոչարյանը շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ քաղաղաքական դաշտում, Սահակյանն արձագանքեց. «Ես չէի ասի այդքան լուրջ ազդեցություն, որովհետեւ սովորաբար քաղաքականությամբ զբաղվողները խոսում են քաղաքականության մեջ, հասարակական դաշտում, փորձում են որոշակի լուծումներ գտնել: Կարծում եմ, որ այս պահին երկրորդ նախագահը իներտ մոտեցումներ ունի: Դա չի նշանակում, որ չի հետաքրքրվելու երկրի, ժողովրդի ճակատագրով»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ Պուտինի հետ հանդիպումը «պատշաճությունից ելնելով տեղի ունեցած այցելություն էր, այլ ոչ թե կարեւորագույն խնդիր լուծելու անհրաժեշտություն»: Սահակյանն անդրադարձավ նաեւ այն խոսակցություններին, թե այդ հանդիպումը հուշում է, որ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն եւ կրկին ուզում է նախագահ դառնալ: Նա նշեց, որ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր անելիքները: «Այսօր այն է, ինչ որ կա: Պետք չէ խորհրդավոր մտածել, որ ինչ-որ բաներ են տեղի ունենում եւ հայ հասարակությունն էլ չգիտի»,-ասաց նա: ՀՀԿ փոխնախագահը հավելեց նաեւ, որ եթե Պուտինի հետ քննարկված թեման հասարակական հետաքրքրություն ներկայացրած թեմա լինի, ապա երկրորդ նախագահն ինքը հասարակությանը կներկայացնի այդ քննարկումները: «Պեղելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,-խորհուրդ տվեց Սահակյանը:





























