Հայաստանում վերջերս ստեղծվել է գիտության մասին գրող լրագրողների խումբ, որի նպատակը Հայաստանում գիտական լրագրության զարգացումն է։
Նորաստեղծ խմբի հիմնադիր-համակարգող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խմբում ընդգրկվելն օգտակար կլինի հատկապես գիտական նորություններն օպերատիվ եւ գրագետ ձեւակերպումներով ստանալու եւ տեղեկատվություն փոխանակելու համար։
«Համաշխարհային վիճակագրության համաձայն` տարբեր երկրների լրատվամիջոցներում գիտական հրապարակումների 50-90 տոկոսը որեւէ կերպ առնչվում են տիեզերական թեմաներին` աստղագիտությանն ու աստղաֆիզիկային, տիեզերական թռիչքներին ու աղետներին, աստղակենսաբանությանը, այլմոլորակայիններին եւ այլն: Սա է պատճառը, որ մենք նախաձեռնեցինք ստեղծել այսպիսի խումբ եւ տեղեկատվությունը տարածել դրա անդամներին»,- ասաց Ա. Միքայելյանը։ Նրա խոսքով՝ խմբում ընդգրկվողները կարող են ինչպես էլեկտրոնային փոստով, այնպես էլ Գիտական լրագրության ֆեյսբուքյան խմբում ընդգրկվելով համապատասխան տեղեկատվություն ստանալ։
«Կարծում եմ, գիտնականների եւ լրագրողների միջեւ պետք է սկսվի համագործակցություն: Լրագրողի համար դժվար կլինի սենյակում կողպված գիտնականից նյութ կորզել»,- ասաց Ա. Միքայելյանը` հավելելով, որ գիտության ներկայացուցիչները պետք է ավելի բաց լինեն եւ կարողանան հնարավորինս մատչելի ձեւով ներկայացնել նյութերը։
Ա. Միքայելյանի խոսքով՝ նախատեսվում է նաեւ խմբի անդամներին ժամանակ առ ժամանակ հրավիրել Բյուրականի աստղադիտարան հավաքների, որոնց ընթացքում կներկայացվեն գիտական նորություններ, կքննարկվեն գիտական լրագրության հարցեր։




























