Տարեվերջին իրական տնտեսական աճը զրոյական է լինելու, անգամ մի փոքր անկում կա, իսկ սղաճն էլ իրականում 12 տոկոս է: Այսօր՝ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք սղաճի արհեստական նվազեցում էին անում, որպեսզի տնտեսական աճ ցույց տան:
«Ներկայումս երկրի վարչապետն ասում է պայքարում ենք խոշոր բիզնեսի դեմ, սակայն Սամվել Ալեքսանյանը հերթական սուպերմարկետն է բացում: Երկրի նախագահն ասում է պայքար կոռուպցիայի դեմ, իսկ օլիագրխիայի տեսակարար կշիռն աճում է: Թե ինչ է խոսում նախագահը, արդեն կարեւոր չէ: Նա կամ չի հասկանում, կամ կեղծում է»,- կարծիք հայտնեց Բագրատյանը: Նրա խոսքով, հաջորդ տարվա սղաճը կարելի է իջեցնել:
Անդրադառնալով տնտեսության մեջ մենաշնորհների առկայությանը, նախկին վարչապետն ասաց. «Այ, եթե իշխանություններն ասեն, որ շարքավազ կարող են բերել բոլորը, եթե ասեն, որ բայց «Մուլտիգրուպ»-ից ուրիշն էլ կարող է գազալցակայան բացել (թե՞ վախենում են Ծառուկյանից), այդ դեպքում մի զանգով կարող են 20 տոկոս աճ ապահովել: Ես մարդիկ գիտեմ, որ մենաշնորհի բացակայության դեպքում կարող են կարագ բերել, որի դեպքում կպարզվի, որ կարագի իրական գինը 1200 դրամ է»:




























