Այսօր՝ դեկտեմբերի 23-ին Հայ եկեղեցին նշում է Սուրբ Դավիթ մարգարեի եւ Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրը:
Qahana.am-ի փոխանցմամբ, Ս. Դավիթ մարգարեն Բոազի եւ Հռութի ծոռն էր: Նա Աստվածաշունչ մատյանի Սաղմոսաց գրքի հեղինակն է, նաեւ շնորհալի, քաջ, իմաստուն, ճարտասան, գեղեցիկ տեսքով մի մարդ: Եղել է հովիվ:
Փողշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին: Սավուղի մահից հետո Իսրայելի թագավորն է եղել եւ հիմնադրել Երուսաղեմ քաղաքը: Հին Կտակարանի ամենամեծ եւ ազդու դեմքերից է: Աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս նրա սերնդից է, որով էլ արժեւորվում է:
Ս. Հակոբոս Տյառնեղբայրն ավետարանական սրբերի եւ Գործք Առաքելոցի սրբերի միջեւ կապող օղակն է: Նա Նախնական Եկեղեցու տիրական դեմքերից է եւ Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Հովսեփիոս հրեա պատմիչը նրան «արդար» է անվանել: Վարքագրական աղբյուրների համաձայն, ոմանք բռնանալով` նրան պատվիրում են բարձրանալ աշտարակի վրա եւ Հիսուսի դեմ չարախոսել: Սակայն նա խոսում է Հիսուս Մեսիայի մասին, որ նստած է Աստծո Աջում եւ գալու է դատելու աշխարհն արդարությամբ: Շատերն հավատի են գալիս, բայց չարակամները սրբին աշտարակից վայր են նետում: Ըստ ավանդության, թաղված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ս. Հակոբյանց Մայր Տաճարում: Նրա անունով մեզ է հասել ընդհանրական մի թուղթ:
Հայ Եկեղեցին Դավիթ մարգարեի հիշատակը տոնում է Հակոբոս Տյառնեղբոր հետ, որովհետեւ եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի՝ ապա Հակոբոսը՝ նրա «եղբայրը» եւ ազգականը: Այս երկու սրբերի անուները միասին են տոնում` խորհրդանշելու Հին եւ Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Դավիթ մարգարեի եւ Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակը տոնում է Ս. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:




























