Դեկտեմբերի 22-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են մայրաքաղաքի կառավարման նոր, արդյունավետ մոդել մշակելու խնդիրներ: Երեւանի քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքի կառավարման արդյունավետությունը վերլուծելու գործում Երեւանի քաղաքապետարանը ակնկալում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունը, ինչը հնարավորություն կտա հայտնաբերելու պահանջարկը, թե որ ոլորտներում կառուցվածքային ինչ բարեփոխման եւ կառավարման բարելավման անհրաժեշտություն կա: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ ամենասեղմ ժամկետներում իրենք կներգրավեն լավագույն մասնագետների, ովքեր խորհրդատվական ծառայություններ կմատուցեն քաղաքապետարանին:
Կարեն Կարապետյանը կարեւորել է նաեւ քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելու ընթացակարգերն ուսումնասիրելու եւ բարելավելու խնդրի լուծումը: «Այն հնարավորություն կտա առավել դյուրին դարձնել մայրաքաղաքի բիզնես միջավայրը, ստեղծել բարենպաստ ներդրումային դաշտ, որոնք քաղաքի զարգացման կարեւորագույն նախապայմաններից են»,- ասել է Երեւանի քաղաքապետը:
Կողմերը քննարկել են նաեւ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք այլ խնդիրներ: Կարեւորվել է հատկապես զբոսաշրջությունը զարգացնելու եւ բնապահպանական խնդիրները:
Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջելու մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկներին եւ նախաձեռնություններին:





























