«Էկոլուրի» տեղեկացմամբ՝ չեխական «Արնիկա» ասոցիացիայի «Թույներ եւ թափոններ ծրագրի» ներկայացուցիչները Հայաստանում ԴԴՏ-ով աղտոտվածություն են հայտնաբերել: Նրանց կողմից հետազոտվել է ժամկետանց թունաքիմիկատների 4 պահեստ եւ մետալուրգիական արդյունաբերության թափոնների մեկ գերեզմանոց:

«Ըստ էության՝ մեր կողմից հետազոտված բոլոր այն վայրերում, ուր թունաքիմիկատներ կան, եղել են կամ պահպանվում են, հայտնաբերել ենք ԴԴՏ-ով տարբեր չափի աղտոտվածություն, իսկ մի դեպքում՝ նույնիսկ ժամկետանց ԴԴՏ-ի պաշարներ` պատռված պարկերով»,- ասել է ասոցիացիայի փորձագետ Մարեկ Զիրը:

Չեխ փորձագետը զարմացել է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մոտ ապրող մարդիկ տեղյակ չեն հնարավոր ռիսկերի մասին, քանի որ վտանգավոր թունաքիմիկատներով աղտոտվածություն է հայտնաբերվել նաեւ գերեզմանոցի ցանկապատված տարածքից դուրս, իսկ դա նշանակում է, որ գոյություն ունի սննդային շղթայի աղտոտվածություն: Տարածքը հասանելի է նաեւ արածող կենդանիների համար:

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը կիրազեկի մարդկանց ռիսկերի մասին եւ այդ հարցում աջակցության խնդրանքով դիմելու է պետական մարմիններին: Նա նաեւ ասել է, որ երկար ժամանակ է, ինչ կազմակերպությունը փորձում է թունավոր նյութերով աղտոտվածության խնդրի վրա հրավիրել պետական եւ միջազգային հաստատությունների ուշադրությունը:

Համաձայն Չեխիայում ընդունված չափանիշների՝ Հայաստանի ժամկետանց թունաքիմիկատների բոլոր 4 պահեստները ենթակա են վնասազերծման: